ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ Մոսկվայում հյուրընկալեց Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդին: Թագավորի այցին հատկապես մանրակրկիտ էին պատրաստվում: Զուգահեռ Մոսկվայում անցկացվեց համատեղ ներդրումային համաժողով, որին մասնակցեցին 200 ընկերություններ, ներառյալ սաուդյան Saudi Aramco-ն` աշխարհին ամենամեծ նավթային ընկերությունը, ռուսական «Ռոսնեվթը», «Գազպրոմնեվթը» և «Սիբուրը»: Ոչ վաղ անցյալում թվում էր` միակ հարցը, որտեղ Մոսկվան ու Էր Ռիադը լուրջ տարաձայնություններ չունեն, նավթն է: Թեպետ անցած տարի սեպտեմբերին G20-ի ժամանակ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը նավթի հանույթը կայունացնելու համաձայնագիր ստորագրեցին ու ենթադրվում էր, որ ՕՊԵԿ-ի անդամների հետ Ռուսաստանը կնվազեցնի հանույթը, բայց այդ ժամանակ հանույթի ռեկորդային ցուցանիշների հասած Ռուսաստանը չէր շտապում համաձայնագիրը կատարել, որ հարուցեց Էր Ռիադի բնական դժգոհությունը: Սակայն բուն փաստը, որ նավթային երկու մեծ տերությունները կարողացան պայմանավորվել, աննկատ չմնաց: Վերլուծաբանները ենթադրում էին, որ ռուս-սաուդյան մերձեցումը այդքանով չի ավարտվի։ Եվ ահա Սաուդյան Արաբիայի թագավորը Մոսկվա եկավ:
Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը առաջինը չէ վերջերս Մոսկվայում հյուրընկալված Մերձավորարևելյան պետությունների ղեկավարներից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին մեկուկես տարում չորս անգամ Մոսկվա է գնացել։ Մոսկվայում են եղել Հորդանանի թագավորը, Թուրքիայի նախագահը, Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները: Մեկ ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր Մերձավոր Արևելքում շրջայցով: Որոշ վերլուծաբանների կարծիքով` այս ամենը վկայում է, որ ԱՄՆ-ը աստիճանաբար կորցնում է առանցքային դաշնակցի դիրքերը Պարսից ծոցի միապետների համար: Եվ ոչ միայն նրանց: Ձևավորված վակուումը լցնում է Ռուսաստանը: Ռուսական միջամտությունը սիրիական կոնֆլիկտին տարածաշրջանային քաղաքականություն բերեց ռազմական չափումը:
Մոսկվան դեռ խորհրդային ժամանակներից իր շահերն ուներ տարածքում: Իսկ Վաշինգտոնը, իրոք, նկատելի հեռացել է տեղական խնդիրների լուծումից, հատկապես Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին:
ԱՄՆ զինվորականները բավականին սահմանափակ մասնակցություն ունեին Սիրիայի ու Իրաքի ռազմական գործողություններին` թե Բաշար Ասադի ուժերի դեմ, թե ԻՊ-ի զինյալների: Վճռականությունը, որով Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Սիրիայում «կարգուկանոն հաստատելուն», ոմանց սրտով էր, ոմանց բոլորովին դուր չեկավ, այդ թվում` Սաուդյան Արաբիային:
Խոսել «վակուումը լցնելու» մասին չի կարելի երկու պատճառով` կարծում է Մոսկվայի Կառնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն: Առաջինը` Պարսից ծոցի միապետությունների մեծ մասը, նաև Իսրայելն ու Թուրքիան, միևնույն է, ամերիկյան ճամբարում են և փոփոխություններ չեն ուզում: Երկրորդ` ինչո՞վ լցնել վակուումը, երբ պատերազմն ավարտվի։ Ռուսաստանը չի կարող առաջարկել նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ, քաղաքական աջակցություն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածաշրջանային քաղաքականության ամենաբարդ խնդիրները լուծելիս: Ռուսաստանը կարող է միայն զենք առաջարկել:
ՙԻհարկե, Ռուսաստանի համար շահավետ է սերտ համագործակցություն հաստատել Սաուդյան Արաբիայի հետ զենքի բիզնեսում: Սաուդցիներին էլ չի խանգարի դիվերսիֆիկացնել իրենց կապերը այդ ոլորտում, ու նրանք դա հասկանում են՚` կարծում է արևելագետ Ելենա Սուպոնինան: Ռուսաստանը Սաուդյան Արաբիային առաջարկում է տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, զենիթահրթիռային համակարգեր: Առաջին տասնամյակը չէ, որ Մոսկվան ջանում է հայտնվել թագավորության զենքի շուկայում: Երկիր, որ ամեն տարի 60 միլիարդ դոլար է ծախսում պաշտպանության համար, ռուսական զենքի համար կարող է գումար գտնել: Սակայն առայժմ ռուսական ռազմարդյունաբերությունը չի կարող պարծենալ հաստատուն պայմանագրերով։ Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի այցի նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին Էր Ռիադին հակահրթիռային С-400 համակարգերի մատակարարման հնարավորության մասին, սակայն այցի ընթացքում պայմանագրեր չստորագրվեցին: Ростех-ի տնօրեն Սերգեյ Չեմեզովը ավելի վաղ տրտնջում էր, որ սաուդցիները ՙպարզապես խաղում են՚ ռուս գործընկերների հետ` դուք Իրանին հակահրթիռային համակարգեր մի վաճառեք, այդ դեպքում մենք ձեր զենքը կգնենք: Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման պայմանագրերը ստորագրվեն ամբողջ ծավալով (որոշ տվյալներով` 3 միլիարդ դոլարի), դա կաթիլ է ծովում` համեմատած Էր Ռիադ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ ստորագրված պայմանագրերի ընդհանուր գումարի հետ։ Սպիտակ տան հրապարակած տվյալներով` Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից գնելու է 109,7 միլիարդ դոլարի զենք: Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ Рособоронэкспорт-ը և Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները համաձայնագիր են ստորագրել ՙընդհանուր պայմաններով Սաուդյան Արաբիայում Կալաշնիկովի АК-103 ինքնաձիգների և տարատեսակ փամփուշտների արտոնագրված արտադրության մասին՚: Փաստացի` С-400-ների մատակարարման պայմանագիր դեռ չի երևում, լավատեսական կանխատեսումներով` կարող է ի հայտ գալ առաջիկա ամիսներին, բայց նախընթաց փորձը շատ փորձագետների թույլ չի տալիս այդ լավատեսությամբ համակվել:
Բացի այդ` Ռուսաստանը չի սիրում ռազմական տեխնոլոգիաները կիսել, իսկ Սաուդյան Արաբիան տնտեսության դիվերսիֆիկացման «Տեսլական- 2030» ծրագիրն ընդունելուց հետո ձգտում է հնարավորինս լոկալացնել արտադրությունը:
Մոսկվայում լավ հասկանում են, որ Սաուդյան Արաբիային զենքի գլխավոր մատակարարը կմնա ԱՄՆ-ը: ՈՒստի` Մոսկվայի ու Էր Ռիադի լիարժեք համագործակցությունը այս ոլորտում մշուշոտ է։
Սաուդյան Արաբիայի լայնամասշտաբ սպառազինումը չի կարող չհուզել Էր Ռիադի գլխավոր տարածաշրջանային մրցակցին: Ճիշտ է` Իրանը ևս զենք է գնում Ռուսաստանից և արդեն ստացել է հակահրթիռային С-300 համակարգեր, իսկ ամռանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց պաշտպանական բյուջեն 145 %-ով մեծացնելու մասին: Բայց այդ դեպքում էլ Սաուդյան Արաբիայի հետ համադրելի թվերի մասին չէ խոսքը` անցած տարի Իրանը պաշտպանությանը հատկացրել է 13 միլիարդ դոլար: Հասկանալի է, որ ռուս-սաուդական համագործակցությունը նյարդայնացնում է Թեհրանին: ՙԹեհրանում, թեպետ շատ բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններին, այնուամենայնիվ, քաղաքականություն հասկանում են: Այնտեղ խելացի մարդիկ են և չեն սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագավորի այցի պատճառով՚` կարծում է ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը:
ՙՄոսկվան միշտ ցանկացել է հաշտեցնել Էր Ռիադին ու Թեհրանին, մի անգամ նույնիսկ հաջողվեց երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել, բայց շարունակություն չհետևեց,- ասում է Ելենա Սուպոնինան։- Մոսկվան բոլոր դեպքերում շահագրգռված չէ կոնֆլիկտի գոյությամբ և կփորձի միջնորդի դեր կատարել՚: Թեհրանում չեն կասկածում, որ Մոսկվան կաջակցի, եթե ԱՄՆ-ը, ինչպես խոստանում է նախագահ Դոնալդ Թրամփը, դուրս գա Իրանի հետ համաձայնագրից, որ ստորագրվել է Բարաք Օբամայի օրոք: Վլադիմիր Սաժինի կարծիքով` դա ԱՄՆ-ին կմեկուսացնի, նրան չեն աջակցի պայմանագրի մյուս կողմերը` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ Իսկ Ռուսաստանը հերթական միավորները կհավաքի տարածաշրջանում: «Սաուդյան Արաբիան կցանկանար, որ Իրանը դադարեր նյարդայնացնող գործոն լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նրան անհանգստացնում են ռուսական զենքի մատակարարումները Իրան, Ռուսաստանի կողմնակիցների գործողությունները Սիրիայի տարածքում` առաջին հերթին «Հըզբոլլահի»: Թագավորի այցը կոչված է փոխելու Իրանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը»` ասել է ՌԴ պետհամալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգորի Կոսաչը:
Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ հանուն Իրանի Ռուսաստանը չի փոխի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Դրանում համոզվեց և Իսրայելի վարչապետը, որ օգոստոսին ապարդյուն փորձում էր Պուտինին համոզել Սիրիայում 60- կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծել` զսպելու համար «Հըզբոլլահի» ուժերին ու նրանց օգնող իրանցի զինվորականներին` իսրայելյան սահմանից հեռու լինելու:
«Մոսկվայի քաղաքականությունն է` չստեղծել ամուր ռազմաքաղաքական դաշինքներ ոչ Իրանի, ոչ Ասադի վարչակարգի, ոչ Իսրայելի, ոչ Սաուդյան Արաբիայի հետ, այլ բոլոր երկրների հետ օգտագործել նորմալ հարաբերությունների հնարավորությունները»` կարծում է Վլադիմիր Սաժինը: «Անհավանական բարդ է տարածաշրջանի բոլոր պետությունների հետ ունենալ հարաբերություններ, դա բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող մանևր է: Շատ ավելի հեշտ է, ինչպես անում է ԱՄՆ-ը, ինչ-որ մեկին հայտարարել թշնամի ու նրա դեմ ալյանս ձևավորել: Ռուսաստանն այդպես չի գործում»` համաձայնում է Ելենա Սուպոնինան:
Ռուսաստանը շարունակում է գործակցել տարածաշրջանի մյուս խաղացողների հետ ևս` սկսած Կատարի կոնֆլիկտի լուծման միջնորդությունից և վերջացրած արդեն բազմամյա փորձերով` հաշտեցնել ՀԱՄԱՍ-ն ու ՖԱՏՀ-ը պաղեստինյան տարածքներում:
Իդեմս Ռոսնեվթի` Ռուսաստանը փորձում է մեկնարկային հարթակ ստանալ Քրդստանում` ռուսական նավթային հսկան վերջերս հաղորդեց, որ մտադիր է ֆինանսավորել Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազատարի կառուցումը, որ կարող է գործել արդեն 2020-ին: Այս ամենը` տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտական ակտիվության անկումի հետ, որոշ վերլուծաբանների դրդեց խոսել Ռուսաստանի մասին իբրև Մերձավոր Արևելքի նոր տիրոջ: «Այո, Ռուսաստանի դերը Մերձավոր Արևելքում մեծացել է, բայց Ռուսաստանին մեծարել տարածաշրջանի տեր ոչ միայն վաղաժամ է, այլև սխալ: Այնտեղ միշտ լինելու են այլ խաղացողներ, այդ թվում` ԱՄՆ-ը: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելով` Ռուսաստանը բնավ չի փորձում նրան դուրս բերել ԱՄՆ-ի ազդեցության ուղեծրից: Դրանք նախ և առաջ տնտեսական շահեր են»` հիշեցնում է Ելենա Սուպոնինան: Այո, Մոսկվան Էր Ռիադի հետ պայմանավորվել է նավթի գնի կայունացման շուրջ: Այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի մարտին, բայց պայմանագրի սկզբունքորեն հնարավոր երկարացումը, այնուամենայնիվ, որոշելու է նավթային շուկայի այդ պահի կոնյունկտուրան։
Ռուսական միջամտությունը Սիրիայում հանգեցրեց Բաշար Ասադի իշխանության պահպանմանը և, ակներևաբար, նա դեռ ինչ-որ ժամանակ կմնա: Սիրիական վարչակարգի առանցքային ընդդիմախոսները` առաջին հերթին ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան, կարծես, համաձայնել են և Ասադի վարչակարգի անհապաղ կազմաքանդում չեն պնդում: Սակայն Ասադը հավերժ չէ, վաղ թե ուշ հեռանալու է: Ի՞նչ կարող է Ռուսաստանն առաջարկել Սիրիային, երբ գա նոր նախագահ, իսկ ԻՊ-ի զինյալները վերջնականապես ցրվեն անապատում կամ հեռանան: Որքա՞ն հաջող կլինի Մոսկվայի միջնորդությունը պաղեստինյան կոնֆլիկտին: Կհերիքի՞ տնտեսական հզորությունը իր ճամբար ձգելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Պարսից ծոցի միապետությունները ԱՄՆ-ի հուսալի օգնությունը կփոխարինե՞ն Մոսկվայի հետ համագործակցության անհասկանալի հեռանկարների հետ` բացի ամեն ինչից` նավթային շուկայում իրենց մրցակցի: ՈՒնի՞ Ռուսաստանը Իրանի վրա բավարար ազդեցության լծակներ, եթե Թեհրանի ու Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի, հետ նորից վատանան ու Իրանի միջուկային ծրագիրը վերսկսվի: Բոլոր այս հարցերին դրական պատասխանեք և այդ դեպքում Ռուսաստանն իրոք տարածաշրջանի ծանրքաշային կլինի:
ВВС
Հ.Գ. Սաուդյան Արաբիայի թագավորի հետ ՌԴ նախագահի հանդիպմանն առաջինն արձագանքեց Պենտագոնը` իր զարմանքն ու մտահոգությունը հայտնելով հակահրթիռային, զենիթային համակարգեր գնելու Էր Ռիադի ցանկությունից: Երկրորդը Թուրքիան էր` պարզվեց Անկարան դեռևս ուզում է ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրներ գնել, չնայած ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համաձայնագրին: Անկարայի համար գործարքի առանցքային պայման է «տեխնոլոգիաների փոխանցումը և համատեղ արտադրությունը»: Երրորդը կարող է լինել Թեհրանը, երբ հարցերը լուծի Դոնալդ Թրամփի հետ, իսկ այդ հարցում Սերգեյ Լավրովն առաջ է անցել` հայտարարելով, որ Մոսկվան կողմ է վեցնյակի ու Թեհրանի միջուկային համաձայնագրին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ